Բոլորս էլ գիտենք և գործածում ենք «փնթի» բառը: Ըստ ժամանակակից բառարանների՝ փնթի նշանակում է «կեղտոտ, անմաքուր», ինչպես նաև՝ «հարդարանքին, կարգուկանոնին չհետևող մարդ»:
Այժմ տեսնենք, թե ինչ կա թաքնված այս բառի մեջ: «Արմատականից» տեղեկանում ենք, որ փնթի նշանակում է «կեղտոտ, զզվելի»: Եվ զարմանալին այն է, որ բարդ բառ է: Կազմված է «փին» և «թի» բառերից: Իսկ ի՞նչ է նշանակում «փին» բառը: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ «փին» նշանակում է «կեղտ, կղկղանք»: Ըստ Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանի՝ «մարդկային աղբ, ցին»: Ըստ «Արմատականի»՝ փին նշանակում է «աղբ, կղկղանք»: Եվ ամենակարևորը, որ փին-ը բնիկ հայերեն բառ է:
Այժմ դառնանք «փնթի» բառին: Այն, փաստորեն, նշանակում է «աղբի, կղկղանքի թի»: Այսպիսի պատկերավոր բառակազմություններ շատ կան ժողովրդական լեզվում: Օրինակ՝ «փնթիփարախ» բառը, որը նշանակում է «կեղտոտ, փնթի», կազմված է «փին», «թի», «փարախ» բառերից, այսինքն՝ «ախոռի աղբի թի»: Շամշադինի (այժմ՝ Տավուշի մարզում) գյուղերից մեկում կա «աղբդենգցի» բառը՝ «աղբի գոգաթիակ» նշանակությամբ: Ինչպես՝ ձեռնասուն՝ «մեկի ձեռքի տակ սնված, դաստիարակված», մոխրատիտիկ` «մոխրի մեջ նստող, հեքիաթային շնորհալի գեղեցիկ որբ աղջիկ», հիմա՝ «մոխրոտիկ» (բայց՝ լուսատտիկ - լուսավոր տուտ, պոչ, ագի, ծայր ունեցող) և այլն:
Այս բառը մեզնից փոխառել են վրացիները` «փինթի» ձևով և նույն իմաստով, նույնը` ասորիները, թուրքերը, թաթարները և այլն:
Եթե մարդ մշտապես իմանա, թե ինչ է նշանակել իր գործածած բառը, երևի ավելի զգույշ լինի: Սակայն բառերը երբեմն հեռանում են իրենց նշանակած նախնական իմաստից, այն մթագնում է, և բառը դառնում է շատ սովորական, ու առաջին դասարանի դասագրքում արդեն տպագրվում է «Փնթի Սեթը» ոտանավորը:
Առաջին հայացքից գայթակղիչ է թվում «փինաչի» բառն էլ փին բառով բացատրելը, բայց «փինաչի»-ն պարսկերեն բառ է. փինա` «կարկատան» արմատից կազմված, և նշանակում է «հին կոշիկներ կարկատող», ինչպես նաև՝ «վատ, անհմուտ արհեստավոր»:
Այսինքն՝ զգույշ գործածենք բառերը, որովհետև, եթե մեկին փնովում ենք, նշանակում է նրա գլխին աղբ ու կեղտ ենք լցնում, եթե խորանանք բառի ստուգաբանության մեջ:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ